Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը սույն թվականի մայիսի 8-12-ը կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել 8-17 տարեկան պատանի ստեղծագործողները: Նախորդ տարվա համեմատ, այս տարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ, 9-16 տարեկան մասնակցության տարիքային սահմանն ավելացել է 2 տարով՝ դառնալով 8-17: Անցյալ տարվա նման , մրցույթի մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբեր, որոնցից առաջինում կընդգրկվեն 8-12 (նախորդ 9-12) տարեկան պատանիներ, իսկ երկրորդ՝ ավագ խմբում 13-17 (նախորդ 13-16) տարեկան պատանիներ: Եթե նախորդ մրցույթում երկու ենթախմբերում էլ պետք էր ներկայացնել բացառապես 1 դաշնամուրային ստեղծագործություն, ապա այս տարի ավագ ենթախմբում պայմանները փոխվել են. մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 4 գործիքի համար գրված ստեղծագործություն: Ի դեպ, գործիքների ընտրությունը նույնպես ազատ է:
Մայիսի 8-ին կկայանա I ենթախմբի մրցույթը: 8-12 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Մայիսի 10-ին կկայանա II ենթախմբի մրցույթը: 13-17 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 ՝ ստեղծագործություն՝ առավելագույնը 4 գործիքի համար, որի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն:
Մայիսի 12-ին կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները:
Մինչ մայիսի 12-ը չեն հրապարակվելու հաղթողների անունները:
Մրցութային օրերին, կրտսեր խմբի մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց կողմից գրված ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում , թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտի օրինակը, լրացնել այն, ապա ուղարկել info@composers.am էլեկտրոնային հասցեին:
Մինչ մրցութային օրերի մեկնարկը, մրցույթի հանձնաժողովի կողմից կհայտարարվի փակ քննարկում, կդիտարկվեն բոլոր հայտերը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն նախնական փուլը, կտեղեկացվեն մրցութային փուլին մասնակցելու մասին ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ հեռախոսով (եթե մասնակցի կողմից նշված են կոնտակտային երկու տվյալները) ոչ ուշ, քան մինչև մայսի 5-ը:
Հայտի հետ պետք է անպայման կցել նոտաներ (կամ թվայնացված, կամ ընթերնելի ձեռագրով), ծննդյան վկայականի/անձնագրի) պատճեն և 1 որակյալ լուսանկար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ամենևին էլ պարտադիր չէ, որ սովորեն երաժշտական դպրոցներում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան, ուստի և հենց այս պատճառով էլ հայտերում պետք չէ նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով: Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով:
Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանա Կոմպոզիտորների Միության դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /010/ 525 774 , /099/ 525 774 հեռախոսահամարներով ամեն աշխատանքային օր ժամը 11:00-ից 17:00, կամ այցելել Կոմպոզիտորների Միություն (Դեմիրճյան 25, 2-րդ հարկ):
*) ԱՎԱԳ խմբում ներկայացվելիք ստեղծագործությունների կատարումների ժամանակ մասնակիցն ինքն է հոգում իր կատարողների ծախսերը: